Դիվերսիայի ժամանակ հակառակորդին հերոսաբար հետ մղած Կամո Հովսեփյանը հրաշքով է փրկվել
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ: Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, hատուկ դիպուկահար հրացանի (“Վինտարեզի”) 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:
Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ:
Մեր կողմից վիրվորվել է Կամո Հովսեփյանը, ով միայնակ կարողացել է հետ մղել հակառակորդին:
Կամո Հովսեփյանը 23 տարեկան է, Դսեղ գյուղից: Սովորել և ավարտել է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, որից հետո զորակոչվել է բանակ: Դեպքի հետ կապված մանրամասներ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Դսեղի gյուղապետի հետ, ով հայտնեց, որ Կամոն օրինակելի ընտանքից, խելացի, մարզիկ տղա է: Նա ծառայել է Մարտակերտում:
Առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով խոսեցինք նաև Կամոյի մայրիկի՝ Արմինեի հետ, ով հայտնեց, որ տղան այժմ Ստեփանակերտի հոսպիտալում է:
«Ներկա պահին ձախ ձեռքի մեջ բեկոր կա, ներվն է վնասվել և ոսկորն է կոտրված, մկաններն էլ վնասված են: 2 կամ 3 օրից կվիրահատեն Ստեփանակերտի հոսպիտալում»,- ասաց հերոսի մայրը:
Տիկին Արմինեն պատմեց, որ տղան ու ընկերը դիրքերում կանգնած են եղել: Ընկերոջ սաղավարտին խփել են, ուշագնաց է եղել և այդ ժամանակ Կամոն ստիպված է եղել միայնակ պայքարել հակառակորդի դեմ: Պայքարել է այնքան ժամանակ, մինչև իր մոտ եղած զենք-զինամթերքը վերջացել է: Հեռացող հակառակորդը երկու նռնակ է Կամոյի ուղղությամբ նետել, որոնցից մեկի բեկորները վնասել են նրա ձեռքը:
Կամոյի ծնողները պահանջել են, որ տղային վիրահատեն Երևանում, սակայն ԼՂՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ նրա առողջական վիճակի մասին անհանգստանալու կարքի չկա:
«Եթե երաշավորում եք, ուրեմն՝ համաձայն ենք: Իմ տղան ազատ ոճի ըմբշամարտիկ է, և ծառայությունց հետո պետք է շարունակի կարիերան»,-ասել է Կամոյի մայրը:
Operativ.am-ն առողջություն է մաղթում զինվորին: