Փաստաբանը որոշել է հեռանալ գործերից
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաստաբանների միության նախկին նախագահ, անվանի փաստաբան Ռուբեն Սահակյանը որոշել է հեռանալ գործերից: «Երկու գործ ունեմ ձեռքիս տակ՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված և մի բժշկուհու: Սրանք ավարտելուց հետո ապրելու եմ թոշակառուի կյանքով: Գոնե առ ժամանակ: Այսպես եմ որոշել:
Ծաղիկներ եմ աճեցնելու և ճաշ եփեմ»,- ասաց նա ի պատասխան մեր հարցին, թե ինչով է զբաղվում այս օրերին: Փաստաբանական ծառայության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին նա չցանկացավ խոսել, պատճառաբանելով, որ վաղուց հեռացել է այս ամենից:
«Եվրադատարանի վերջին վճիռներից մեկով բավարարվել է Արտաշես Դավթյանի գանգատը, որով նրան երեք տարի ապօրինաբար կալանքի տակ էին պահել: Դուք այս գործով զբաղվել եք և փայլուն պաշտպանություն վարել, սրա մասի՞ն էլ չեք ուզում խոսել»,-հարցրինք:
«Ոչ: Այս գործում իմ ներդրումը համեստ էր, իսկ դափնիներն իրավամբ պատկանում են Լուսինե Սահակյանին, որն իրոք փայլուն պաշտպանություն տարավ»,- պատասխանեց Ռուբեն Սահակյանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: