ԱՄՆ Պետդեպարտամենտը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հարձակումներին
«Ադրբեջան» պետական պաշտոնական թերթը խիստ արձագանքի է արժանացրել «The Washington Post»-ի հոդվածը, որում բարձրացվել էին Ադրբեջանում «մարդու իրավունքների ոլորտում սարսափելի իրավիճակի» մասին խնդիրները: Այս մասին գրում է Novostink.ru-ն՝ հղում անելով Turan.az-ին:
Ինչպես փոխանցվում է՝ «Ադրբեջան» թերթի հոդվածում ԱՄՆ-ի կառավարությունը մեղադրվում է Ադրբեջանում կայունության խախտման ձգտման մեջ:
Թերթում Բարաք Օբաման և Ջոն Քերրին մեղադրվում են իսլամաֆոբիայի մեջ: Այնուհետ «Ադրբեջան»-ն անցնում է շանտաժի՝ հայտարարելով, որ Բաքուն պետք է վերանայի իր հարաբերություններն ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը ճեպազրույցի ընթացքում պատասխանել է պաշտոնական Բաքվի մեղադրանքներին: Մարի Հարֆը պատասխանել է, որ ԱՄՆ-ն բացահայտ արտահայտել է իր հիասթափությունը:
Օբամայի և Քերրիի հասցեին ուղղված մեղադրանքների մասին հարցին Մարի Հարֆը պատասխանել է, որ դա պարզապես փորձ է շեղել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակից: