Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորվածներից Սուրեն Երեմյանը չի ընդունում իր մեղքը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով 5 կալանավորվածները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը և ընտրված խափանման միջոց կալանքը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում:
Operativ.am-ի թղթակիցը մանրամասն տեղեկություն ստանալու համար կապ հաստատեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբոր՝ Սուրեն Երեմյանի փաստաբանի՝ ՀՔԾ պետի նախկին տեղակալ Արմեն Նադիրյանի հետ:
«Իմ պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում: Անհիմն ենք գտնում Սուրեն Երեմյանի կալանավորումը, քանի որ կասկածը բավարարող հիմնավոր նյութեր չեն ներկայացվել, կալանքի հիմքերը բացակայում են: Խափանման միջոցի հարցով դիմել ենք Վերաքննիչ դատարան»,-հայտնեց փաստաբանը:
Թղթակցի այն հարցին, արդյոք իր պաշտպանյալը ճանաչել է գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվողներին, Արմեն Նադիրյանը պատասխանեց, որ իր պաշտպանյալը նրանցից մեկի հետ տարիներ առաջ ծանոթ է եղել:
«Սուրենի խոսքով՝ մի քանի անգամ հանդիպել է Սարգիս Գրիգորյանի (Ծգլ) հետ, սակայն մտերմություն չի ունեցել»,-նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի և 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որոնք էլ ճանապարհին մահացել էին։ Կրակոցների հետևանքով մահացած երեք անձանցից մեկը Լևոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում։
Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը մարտի 12-ին հետախուզում էր հայտարարել ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ: Նրանք 11 օր հետախուզման մեջ գտնվելուց հետո ինքնակամ ներկայացել էին Ազգային անվտանգության ծառայություն, այժմ կալանավորված են: Իսկ դրանից առաջ էլ կալանավորվել էին ևս 5 հոգի: