Ռեկտորի 24-ամյա մեծահարուստ որդին` Վարչական դատարանի դատավոր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանի որդին, որն ընդամենը 24 տարեկան է, նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: Նկատենք, որ դատավորի կարգավիճակը ցանկացած իրավաբանի համար գերագույն դիրքն է: Բայց ռեկտորի որդին 24 տարեկանում «նվաճեց» այդ դիրքը: Բայց պարզվում է՝ նա նաև մեծ հարստության տեր է:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Գրիգոր Առաքելյանը ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնապես ունի RANGE ROVER եւ HOVER SUPER 4X4 մակնիշի ավտոմեքենաներ: Նրա դրամական միջոցները կազմում են 16 միլիոն դրամ: «Ժողովուրդ»-ը փորձեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանից պարզել, թե ինչպե՞ս է նրա որդին հաջողացրել այդքան հարստանալ:
-Պարո՛ն Առաքելյան, սովորաբար պաշտոնյա հայրիկները միջամտում են, որ իրենց որդիները բարձր պաշտոն զբաղեցնեն. ո՞ւմ մջոցով Ձեր որդուն դատավոր նշանակել տվեցիք:
-Բացարձակապես այդպես չէ: Մեր ընտանիքում կրթությունը բացարձակ արժեք է եղել: Պապիկս 36 թվին է բարձրագույն ուսումնարանն ավարտել: Ինչո՞ւ պետք է իմ միջամտությունը դրսևորվեր, ինքը սովորել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում, սահմանված նորմերի համաձայն՝ ավարտել է այն, մասնակցել է որակավորման քննություններին և անցել է, ես ի՞նչ կապ ունեմ»:
Առավել մանրամասն՝«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: