Երրորդմասցի Լյովիկի սպանությունը ինչպես կազդի Հովիկ Աբրահամյանի դիրքերի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի փաստ է, որ Հայաստանի քրեական աշխարհն ամբողջությամբ իշխանությունների վերահսկողության տակ է: Սակայն մինչև փետրվարյան հայտնի քաղաքական իրադարձությունները, քրեական աշխարհը փաստացի գտնվում էր իշխանական երկու ուժերի՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վերահսկողության ներքո:
Ակնհայտ էր, որ քաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին փոփոխությունները, որոնց արդյունքում իշխանական քաղաքական ուժերից մեկը` ԲՀԿ-ն, փաստացի ոչնչացվեց, քրեական աշխարհում նոր խմորումների տեղիք կտային:
Արդյոք երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց տեղի ունեցած սպանությունները հենց այս նոր իրավիճակի արգասիքն են, թե դա ընդամենը զուգադիպություն է, ցույց կտա ժամանակը:
Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ Հայաստանի քրեական աշխարհում ևս վերադասավորումներ են տեղի ունենալու, և բացառված չէ, որ երեկ տեղի ունեցած սպանություններն առաջիկա հնարավոր զարգացումների առաջին «ծաղիկներն» են:
Երեկվա սպանություններից հետո համացանցում ծավալված քննարկումներն ամբողջությամբ բնորոշում էին Հայաստանում ձևավորված իշխանական համակարգի բնույթը:
Շրջանառվող հիմնական հարցերից մեկն այն էր, թե Երրորդմասցի Լյովիկի սպանությունը ինչպես կազդի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերի վրա, քանզի բոլորին հայտնի է, որ նշված քրեական հեղինակությունը սերտ հարաբերությունների մեջ էր վարչապետի հետ:
Իսկ այդ պատմության արդյունքում իշխանական շրջանակների «ուժեղացած» պաշտոնյայի հարցը չէր քննարկվում միայն այն պարզ պատճառով, որ դեռևս հայտնի չէ, թե հարձակվողներն ում մարդիկ են եղել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: