Անցած տարի նոյեմբերի 20-25-ից գինու և կոնյակի արտահանումները ՀՀ-ից պրակտիկորեն դադարեցված են
«168 ժամ» թերթը գրում է. ««Անցած տարի նոյեմբերի 20-25-ից գինու և կոնյակի արտահանումները ՀՀ-ից պրակտիկորեն դադարեցված են: Այսօր ֆինանս չի գալիս հայ արտադրողին: Այդ գումարը մենք մղում էինք աշխատավարձերին, հարկերին, վարկերին, մատակարարներին:
Բանկերին չի անհանգստացնում, թե ինչ է կատարվում, իրենց վարկերի տոկոսն են ուզում՝ ըստ գրաֆիկի:
Այս մասով մենք կառավարությունից ակնկալում ենք, որ գոնե առաջիկա 3-4 ամիսներին, որ փոփոխություն չի սպասվում, վարկերի դասակարգման մեխանիզմը փոխեն և ավելի լոյալ ու լիբերալ գտնվեն, որ արտադրողների մասին էլ մտածեն»,- մեր թղթակցին ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Ըստ նրա այս ֆորսմաժորային իրավիճակում կառավարությունը պետք է աջակցի արտադրողներին: «Ակնկալում ենք կառավարության աջակցությունը, որ բանկային համակարգի այդ կետը փոխվի, որ վարկը չդասակարգվի հաջորդ ամսվա 1-ից և ժամկետանց չհամարվի հաջորդ օրը: Գոնե ժամկետանց համարվի 5-րդ օրվանից հետո և դասակարգվի 2-րդ ամսից հետո:
Դա՝ մեկ: Երկրորդ՝ մենք հասկանում ենք, որ ռուսական շուկայում իրադրությունը չի բարելավվի դեռ երկար ժամանակ, բայց եթե դա հանկարծ երկարաձգվի հուլիս-օգոստոսից, ապա շատ մեծ վտանգի տակ է խաղողի նոր բերքի մթերումը, քանի որ մենք ֆինանսական ռեսուրսներ չենք ունենալու նոր բերքը մթերելու համար ու նաև պարզապես տարաներ չենք ունենալու: Այսինքն՝ չեն դատարկվի տարաները»,- թերթի փոխանցմամբ ասել է նա»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: