Ներսես Նազարյանի որդին մեծ պարտքեր է կուտակել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արման Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը օր օրի «դատարկվում է»: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Ա. Նազարյանը բավական մեծ պարտքեր է կուտակել, ինչի պատճառով շատ կազմակերպություններ հրաժարվում են խանութի ցանցերին ապրանք տրամադրել:
Արման Նազարյանի հետ կապ հաստատելու «Ժողովուրդի» բոլոր ջանքերն անցան ապարդյուն: Ի վերջո, «Ժողովուրդին» հաջողվեց Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանից մեկնաբանություններ ստանալ:
Նազարյանն ասաց, որ ինքն ու իր որդին քաղաքում չեն, կվերադառնան մի քանի օրից: «Որևէ խնդիր չկա, մի 3-4 օրից ինքը կվերադառնա, ձեր հարցերը կուղղեք իրեն, բայց ես նշեմ, որ որևէ պրոբլեմ չկա, ես մի քիչ ուշ կլինեմ», - ասաց Ն. Նազարյանը:
Հարցին, թե ճիշտ է, որ Ձեր բիզնեսների հետ կապված խնդիրներ ունեք, նա պատասխանեց. «Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»»։
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: