Ակնհայտ դարձավ ոչ իշխանականների «հիվանդության» պատճառը
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում է կայացվել մինչեւ ապրիլի գարնանային նստաշրջան ուժի մեջ թողնել Ռուսաստանի պառվիրակությանը ձայնից զրկելու որոշումը։ Ի պատասխան դրա՝ ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ մինչեւ 2015թ. ավարտը դադարեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում, և մինչև տարեվերջ կքննարկի ընդհանրապես ԵԽԽՎ-ն թողնելու հարցը։
Այս իրադարձությունները մի կողմից լույս են սփռում հայաստանյան պատվիրակության, այսպես ասած, ոչ իշխանական երեք անդամների տարօրինակ համաժամանակյա վատառողջության վրա, որի արդյունքում ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ-ից Վահե Հովհանիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել էին հայկական պատվիրակության կազմում մեկնել Ստրասբուրգ՝ հիվանդության պատճառաբանությամբ։
Փաստորեն, ոչ իշխանական «հիվանդության» պատճառը Ռուսաստանի հարցում քվեարկությունից բացակայելն էր։ Իսկ ներկա գտնված ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական անդամները քվեարկել են ձեռնպահ։ Ի դեպ, սա կարելի է գրեթե հերոսություն համարել, եթե համեմատենք Ղրիմի հարցում ՄԱԿ-ում հայտնի քվեարկության և դրա ընթացքում Հայաստանի «դեմ» քվեարկության հետ։ Այսինքն, ըստ էության, պարզվում է, որ Հայաստանում իշխանություններն այս հարցում ավելի ինքնուրույն և համարձակ են, քան ոչ իշխանությունները»։
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: