Ազատության «մասամբ»-ը լավ չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2015 թ» հերթական զեկույցը, որում Հայաստանը, ինչպես և վերջին տարիներին, գնահատվել է որպես մասամբ ազատ երկիր:
Ըստ «Ֆրիդոմ հաուզ»-ի բնորոշման՝ մասամբ ազատ երկրներն այն պետություններն են, որտեղ բավարար հարգանք չի դրսևորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու չնայած բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դաշտում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն։
Այս տարի Հայաստանը բարելավել է իր դիրքերը, և դարձյալ մեր երկրի քաղաքական համակարգի ազատությունը գնահատվել է 5 միավոր: Իսկ, ահա, քաղաքացիական ազատությունները գնահատված են ավելի բարձր` 4 միավոր:
Իհարկե, թեկուզ մեկ միավորով առաջընթացը ուրախալի է, սակայն եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նախկինում դասվել է ազատ երկրների շարքին, ապա այս ցուցանիշները պետք է որ մտահոգեն մեր երկրի իշխանություններին: Հատկապես որ մենք շարունակում ենք ազատությունների հարցում զիջել հարևան Վրաստանին, որտեղ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ազատությունները գնահատվել են 3 միավոր»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: