Կեղծ հայրենասիրության դրսևորում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներկայացնում ենք թերթի խմբագրականը կրճատումներով.
«Ազգային տոներն ու հանրային կարևոր իրադարձությունները մեզանում, որպես կանոն, քաղաքական շահարկումների, կեղծ հայրենասիրական կոչերի ու անտեղի խանդավառության առիթ են դառնում:
Որոշ քաղաքական ուժերի և գործիչների թվում է, թե հանրության նուրբ զգացմունքների վրա կառուցված հայտարարություններով ու միջոցառումներով կկարողանան բարձրացնել իրենց անկում ապրած վարկանիշն ու վերականգնել կորսված հեղինակությունը: Երեկ մեր փոստը հեղեղված էր Բանակի օրվա հետ կապված հայտարարություններով:
Ճռճռան բառերի ու դատարկախոսության միջոցով դրանց հեղինակները փորձել էին հաճոյանալ մեր հասարակությանը: Ով չէր ալարել, իր օգնական-խորհրդականներին հանձնարարել էր տեքստ գրել ու տարածել՝ հասարակությանը պատմելով, թե ինչքան լավն է մեր բանակը, և ինչքան են նրան սիրում:
Դեռ բարձրաստիճան այրերի, պետական որոշ ինստիտուտների ղեկավարների՝ Աժ նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, հայտարարությունների հետ մի կերպ կարելի է հաշտվել, բայց անհասկանալի է, թե ինչու է Բանակի օրվա կապակցությամբ ուղերձով հանդես գալիս, ասենք, Աժ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահը:
Բանակի նկատմամբ հարգանքը բարձրագոչ բառերով չպետք է արտահայտվի: Բանակը, ինչպես հայրենիքը, ինչպես մայրը, թաքուն ու լուռ սիրվելու արժանի գոյություն է»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: