Արևմուտք կոչվածը միասնական չէ. քաղաքագետ
Արևմուտք կոչվածը միասնական չէ. կան երկրներ, որոնք հակված են սանկցիաների չեղարկմանը, որովհետև Ռուսաստանի գազից կախվածություն ունեն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Այս տարին այն տարին կլինի, երբ բոլորս ականատես կլինենք Ռուսաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ուղղակի ազդեցությանը: Եթե նախորդ տարի դրանք անուղղակի էին, ապա այս տարի առավել տեսնելի կլինեն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով կդիմանա Ռուսաստանը սանկցիաներին և ինչ քայլեր կձեռնարկի, դժվար է կանխատեսել, որովհետև առհասարակ Պուտինի քայլերը կանխատեսելը դժվար է դարձել»,-նկատեց քաղաքագետը:
Անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշմանը, ապա քաղաքագետը նկատեց, որ կողմերից ոչ ոքին, այդ թվում և Արևմուտքինˋպատերազմը ձեռնտու չէ, քանի որ դրանից ոչ ոք չի շահելու, փոխարենը տուժելու են բոլորը:
Վարդուհի Ստեփանյան