Այս տարի ամենաախոշոր թանկացումները նկատվեցին Ամանորի նախօրեին. Ռուբեն Հայթյան
Այս տարի ամենախոշոր թանկացումները նկատվեցին Ամանորի նախօրեին: Շուկայում նկատվեցին 30-60%-ի հասնող թանկացումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Հայաստանի ազգային սպառողների ակադեմիայի» փոխնախագահ և մոնիթորինգային բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը:
«Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ընթացքում կաթնամթերքի և մսամթերքի գները, ապա կտեսնենք, որ ներկայում հացի և սննդամթերքի գինը 10-20 դրամով բարձրացել է: Ամանորի նախօրեին 3 անգամ բարձրացավ նաև շաքարավազի գինը, ինչն աննախադեպ թանկացում էր: Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի 40 տոկոսով թանկացել է նաև կաթնամթերքը»,-նկատեց բանախոսը:
Վերջինս անդրադարձավ նաև մոտ ապագայում ՀՀ-ում սպասվող թանկացումներին: Ըստ նրաˋ թանկացումներին էապես նպաստում է հասարակության անտարբերությունը. «Եթե մենք շարունակենք լռել, ապա դրանով իշխանություններին նոր թանկացումների տեղիք կտանք և մոտ ապագայում իշխանությունը կսկսի խոսել էլեկտրաէներգիայի թանկացման մասին»,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան