ՀՀ բանկերից նախորդ տարի դուրս է բերվել 91.8 միլիարդ դրամ
«168 ժամ» թերթը գրում է. «Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«ՀՀ բանկերն արդեն հրապարակել են 2014 թվականի 4-րդ եռամսյակի իրենց ցուցանիշները: Այդ տվյալների համադրումից բավական ուշագրավ պատկեր է բացվում: Օրինակ, 21 բանկերի հաշվետվություններից ստացվում է, որ ավանդների և հաշիվների մեծությունը 2014 թվականի ընթացքում աճել է 4.8%-ով կամ 78.2 միլիարդ դրամով:
Տարվա սկզբին բանկերն ունեցել են 1.622 տրիլիոն դրամի ավանդներ, տարվա վերջին՝ 1.701 տրիլիոն: Սակայն կա մի կարևոր նրբություն: Ավանդների 70%-ը ՀՀ բանկերում արտարժույթով է: Ու քանի որ նախորդ տարվա ընթացքում դրամն արժեզրկվել է 15%-ով, ապա միայն այդ արժեզրկման հետևանքով ավանդների մեծությունը պետք է կազմեր 1 տրիլիոն 793 միլիարդ դրամ:
Այսինքն՝ աճը պետք է կազմեր 170 միլիարդ դրամ կամ 10.5%: Սա նշանակում է, որ իրականում ՀՀ բանկերում հաճախորդների ավանդների ու հաշիվների վրա եղած գումարները ոչ թե աճել են, այլ նվազել 5.1%-ով կամ 91.8 միլիարդ դրամով:
Շատ ավելի պարզ ասած, մարդիկ նախորդ տարվա ընթացքում բանկերից դուրս են հանել 91.8 միլիարդ դրամ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերից սկսեցին լուրեր շրջանառվել, որ քաղաքացիները կանխիկացնում են բանկերում պահվող իրենց գումարները և տեղափոխում դրանք բանկերի պահատուփեր կամ ներքնակների տակ: Այս թվերն անուղղակիերեն հաստատում են այդ լուրերի իսկությունը»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: