Չեմ կարող կապ չտեսնել Գյումրիում մարդկանց արդարացի ընդվզման և ադրբեջանցիների ակտիվացման միջև
«Առավոտ» թերթը գրում է. «Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ՝ հակառակորդի սադրանքները ոչ միայն չեն դադարելու, այլև ավելի հաճախակի ու լայնածավալ են դառնալու:
Ես որոշակի ենթադրություններ ունեմ, թե ով է «բզբզում» այդ իրավիճակը և չեմ կարող կապ չտեսնել Գյումրիում մարդկանց արդարացի ընդվզման և ադրբեջանցիների ակտիվացման միջև:
Հնարավոր չէ չտեսնել նաև, որ պատերազմական մեր օջախը կապված է Ուկրաինայում և Միջին Արևելքում ընթացող պատերազմների հետ: Եվ այդ առումով շատ կարևոր է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին: Բայց դա նույնպես առանձին վերլուծության թեմա է:
Այստեղ ասածս այն է, որ վիճակը լուրջ է, և մեր իշխանությունը, ոչ իշխանությունը, ընդդիմությունը և հասարակությունը, առանց խուճապի մատնվելու, առանց մարդկանց մեջ հավելյալ անվստահություն սերմանելու պետք է դրսևորեն այդ իրավիճակին ադեկվատ վերաբերմունք:
Ըստ երևույթին, վերոհիշյալ ինստիտուտները, պահպանելով բնական հակասությունները, պետբ է նաև միասին մտածեն, թե ինչպես բարձրացնել մեր պաշտպանունակությունը:
Կարիք չկա ասելու, որ դա միայն բանակի գործը չէ: 21-րդ դարում դա նաև պետական կառավարման, տնտեսության, դիվանագիտության, քարոզչության և բազմաթիվ այլ ոլորտների խնդիրն է»,–գրում է թերթի խմբագիրը»։
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: