Ո՞րն է Հայաստան-Վրաստան այլընտրանքային ճանապարհների բացման լավագույն այլընտրանքը. Ջոնի Մելիքյան
Վերջին շրջանում լուրջ քննարկումների թեմա է Հայաստան-Վրաստան այլընտրանքային ճանապարհների բացումը:
«Ռուս-վրացական կոնյուկտուրան ուղղակի ազդում է մեզ վրա, մեր միակ ճանապարհը դեպի ռուսական շուկա Վրաստանով է անցնում: Վերին Լարսի ուղին ձմռանը շատ վտանգավոր կլինի, ուստի նոր ուղիներ պետք է փնտրել: Նոյեմբերից քննարկվում է Ավարա-Կախեթական ուղին, որը միանշանակ բացասական արձագանքներով ընդունվեց ընդդիմության կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Ըստ վրացագետի` հայկական կողմը չպետք է միայն մի ուղղու վրա կենտրոնանա, այլ պետք է փորձի այլընտրանքային ճանապարհներ փնտրել: Վրացագետն ընդգծեց, որ ուղին վտանգավոր չէ մեզ համար, քանի որ հայ պաշտոնյաների Վրաստան կատարած այցի ժամանակ Վրաստանի անվտանգության քարտուղարն անձամբ է հայտարարել, որ ոչ մի վտանգ ճանապարհի բացման համար չի տեսնում:
«Մեր կողմից ևս եղան պաշտոնական հայտարարություններ այն մասին, որ ինչքան շատ ուղիներ լինեն, այնքան ավելի լավ կլինի մեր երկրի համար: Այս հարցում երկու կողմի կարծիքներն էլ համընկնում են: ՌԴ հաշվարկով մոտ 38 մլրդ ռուբլի պետք է ծախսվի այդ ճանապարհը կառուցելու համար: Չանտեսելով այն ճանապարհի այլընտրարքը` մենք պետք է նաև Աբխազական երկաթգծի տարբերակն ունենանք մեր աչքի առաջ: Մենք պետք է բոլոր հնարավոր ուղիներով աշխատենք, որը կստացվի, դրանով էլ առաջ կգնանք»,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան