Ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ ուժեղ մառախուղի պատճառով այսօր Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս կապակցությամբ Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանի հետ: Վերջինս տեղեկությունը հաստատեց:
Թղթակցի այն հարցին, թե նման պայմաններում օդում գտնվող ինքնաթիռները որտեղ են վայրէջք կատարում, մամուլի խոսնակն ասաց, որ օդանավակայանն ունի իր պահուստային օդանավակայանները, որտեղ այս պահին վայրէջք են կատարել ինքնաթիռները: Ռուբիկ Գձելյանի հաղորդմամբ՝ Դոնի-Ռոստովի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիի օդակայանում, իսկ Մին-Վոդիի ինքնաթիռը դեռ օդում է:
Թղթակցի այն հարցին, թե, երբ ինքնաթիռները կժամանեն Հայաստան, խոսնակը փոխանցեց, որ սովորաբար նման դեպքերն առավոտները լինում են, երբ մառախուղ առաջանա, սակայն այս դեպքում փոքր-ինչ երկար տևեց: «Սակայն մենք ունենք մեր մետեոն, որը հաղորդեց, որ կեսօրվա դրությամբ եղանակը կտաքանա և արդեն ինքնաթիռները կարող են ժամանել: Ուղևորների մոտ հնարավոր է նաև առաջացած լինեն որոշակի բողոքներ, սակայն նրանք ևս հասկանում են, որ այդպես հնարավոր չէր վայրէջք կատարել և ապահովությունից ելնելով նման քայլը պարզապես անհրաժեշտություն էր»,-ասաց Ռուբեն Գձելյանը:
Սոնա Բախշյան