Արագածոտնի մարզպետը նոր աղմկահարույց միջադեպի կիզակետում է հայտնվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ում գլխից անպակաս են սկանդալները, նոր աղմկահարույց միջադեպի կիզակետում է հայտնվել: Իրինդ գյուղի նախկին գյուղապետ Ալեքսան Քոթանյանը, ով 99-ի հոկտեմբերի 27-ին զոհված պատգամավոր Հայկ Քոթանյանի եղբորորդին է, որոշել է պատասխան գրոհի անցնել մարզպետ Սահակյանի դեմ և մարզպետի ու գործող գյուղապետի համատեղ «ապօրինությունների» մասին մեղադրական նամակ է ուղարկել թե մարզի դատախազություն, թե Քննչական կոմիտե և թե նախագահի նստավայր:
Քոթանյանը մեզ պատմեց, որ իր նկատմամբ մարզպետի թշնամական վերաբերմունքն առաջացել է 2012 թվականին: Իսկ 1995 թվականից մինչ այդ ինքը ղեկավարել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հարազատ Իրինդ գյուղը և ասում է՝ բոլորն իրենից գոհ են եղել, ինքն էլ, հարգելով Անդրանիկ Մարգարյանին, նրա կենդանության ժամանակ «ձևական» անդամագրվել է ՀՀԿ-ին, իսկ հետո թողել ձևականություններն ու դրսևորվել որպես «անկուսակցական, անկախ անձնավորություն»:
Ու երբ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզպետ Սահակյանը Քոթանյանին կարգադրել է «աշխատել» ՀՀԿ-ից մեծամասնական պատգամավոր դարձած Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի օգտին, Քոթանյանն ընդդիմացել է ու դարձել մարզպետի «աչքի փուշը»: «Ես ասի, որ դու չպիտի թելադրես, 15 տարի ինձ ոչ մեկ չի թելադրել, չի կարողացել, ես չեմ ընտրում, ես իմ սեփական խելքն ունեմ:
Մարդիկ պետք է առողջ մտածեն, հանրապետությունը քանդում է ժողովրդի ստրկամտությունը: Արդյունքը եղավ այն, որ համայնքի ղեկավարի ընտրություններին, իրենց փողն օգտագործելով, անցկացրին իրենց մարդուն, որն անգամ տառերը չի ճանաչում, ու մարզպետն է թելադրում, թե ինքն ինչ անի»,- նշեց Քոթանյանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: