Հայաստանը պետք է ջութակի առաջին լարը նվագողը լինի՝ առանց նայելու վրացիների տեսքին, գույնին և ցանկություններին. քաղաքագետ
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աբխազիայի հետ դաշնակցության պայմանագրի ստորագրումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել Վրաստանի և Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության նախագիծը: Պուտինի նման հայտարարությունն ի սկզբանե միանշանակ չընդունվեց Վրաստանի նախագահ Սաակաշվիլու կողմից:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսեց ՌԴ նախագահի նման հայտարարության և դրա հետևանքով առաջացած քննարկումների մասին:
«Ռուսաստանը չափազանց ստրատեգիական հեռանկարային նախագծի մասին է խոսում, որը բխում է իր, Իրանի և Հայաստանի շահերից: Սա մի ժամանակ զուտ հայկական նախաձեռնություն էր, բայց երբ այս հարցը մեջտեղ է բերում ստրատեգիական մեծ խաղի վարպետը, պետք է ավելի խորը մտածել, մինչդեռ Հայաստանը չպետք է խուսափի Ռուսաստանի հետ այս հարցի քննարկումից: Իր հերթին պանթուրքիստ Սաակաշվիլին միանգամից բացասական արձագանքեց այս հարցին, ասելով, որ այս ծրագիրը շրջափակման մեջ կդնի Թուրքիային»,-նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով հայկական կողմի արձագանքին՝ բանախոսը նշեց, որ այստեղ քննադատության իր բաժինն ունի նաև Հայաստանի իշխանությունը, որը պասիվ նստել և սպասում է, որ իր փոխարեն որոշում կայացնեն:
«Հայաստանը պետք է ջութակի առաջին լարը նվագողը լինի՝ առանց նայելու վրացիների տեսքին, գույնին և ցանկություններին: Կարելի է օգտագործել փափուկ ուժի բոլոր հնարավորությունները: Եթե սա մեր պոտենցիայի ոչնչացումն է, ուրեմն Հայաստանը պետք է կասեցնի այս ամենը: Եթե դուք ձեր կյանքի անվտանգությանը տեր չեք լինում, ուրեմն ոչ մեկից ոչինչ մի սպասեք, մի՞թե 15 թիվը դաս չեղավ»,-հավելեց բանախոսը՝ ընդգծելով, որ երկաթուղու շահագործումը կբալանսավորի կողմերին, ուստի մեր իշխանությունները ստրատեգիական ճեղքում պետք է անեն և աշխատեն ռուսների հետ՝ հանուն երկրի բարեկեցության:
Վարդուհի Ստեփանյան