Արդարադատության նախարարը շփոթեց
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արդարադատության նախարարը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում գնահատելով ՔԿՀ վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանի աշխատանքը, նշեց, որ ՔԿ համակարգում բավականին լուրջ տեղաշարժեր կան: «Շատ բաներ այսօր գուցե և ձեզ համար տեսանելի չլինի, որովհետև այն նախաձեռնությունները, որ մենք սկսել ենք, դրանց արդյունքը հավանաբար մեկ-երկու տարի հետո ռեալ կզգացվի», - ասաց Հովհաննես Մանուկյանը:
«Քրեակատարողական հիմնարկում գտնվող Թևոս Սաֆարյանի նկատմամբ ե՞րբ է դատավճիռ կայացվելու» «ՉԻ» լրագրողի հարցին արդարադատության նախարարը հարցով պատասխանեց. «Ո՞ւմ մասին եք հարցնում, կարող է՞ ուրիշ մարդու մասին եք հարցնում, կարող է՞ Զապի մասին եք հարցնում»: Նշենք, որ չնայած արդարադատության նախարարը «տեղը չէր բերել», թէ ո՞ւմ մասին է խոսքը, բայց «գլխի էր ընկել», որ խոսքը վերաբերվում է մեկ այլ քրեական հեղինակության:
Հիշեցնենք, որ «ՉԻ»-ն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է Թեւոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) ձերբակալությանը և տեղեկացրել, որ ՔԿՀ-ում գտնվող կալանավորի նկատմամբ կամ պետք է դատավճիռ կայացվեր, կամ նրան՝ ըստ քրեական օրենսգրքի, պետք է ազատ արձակեին:
Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել իշխանությունների աչքի փուշը համարվող Թեւոսիկի ձերբակալությունից, սակայն նրան որպես «ձերբակալվածի» չեն նկատում: Զարմանալի չէ, որ մեր հարցը լսելիս նույն կերպ վարվեց նաև արդարադատության նախարարը՝ Թևոսիկին «շփոթելով» օրենքով գող Զապի հետ»։