Հայաստանում տեղի ունեցող բացասական զարգացումները հարվածելու են նաև միջազգային հանրությանը. Գագիկ Մինասյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությանը:
«Վերջին զարգացումները լուրջ հետևությունների տեղիք են տալիս: Կար երկու քայլ, որոնց իրականացումը կապահովեր հրադադարի պահպանումը: Ցանկացած միջադեպ, որը տեղի է ունենում շփման գծում, պետք է միջազգային փորձագետների կողմից հետաքննվի, իսկ մեղավորները պետք է պատժվեն: Երկրորդը՝ դիպուկահարներին շփման գծից հեռացնելն է»-նշեց բանախոսը:
Վերջինս ընդգծեց, որ տևական ժամանակ է Ադրբեջանը միջազգային հանրությունը կարողանում է հետ պահել վերը նշված խնդիրների լուծումից: Պատճառն այն է, որ միջազգային հանրությունը բավականին կամք չի դրսևորում:
«Միջազգային հանրությունն իր ելույթներում խոսքն ուղղում է երկու կողերին էլ, ուստի բնական է, որ նման դեպքերը շարունակվելու են: Բայց Ադրբեջանի նման արատավոր պահվածքից միջազգային հանրությունը ևս տուժելու է, քանի որ եթե սահմանում պատերազմ բռնկվի, ապա ոչ մի երկիր, այդ թվում և նրանք, ովքեր զլանում են մեղավորին մեղավոր կոչելուց, զերծ չեն մնալու այդ պատերազմի հետևանքներինց»,-նշեց բանախոսը:
Իր խոսքում բանախոսը սթափվելու կոչ արեց միջազգային հանրությանը՝ շեշտելով, որ բացասական զարգացումները հարվածելու են իրենց իսկ շահերին: «Եթե նրանք չեն մտածում մեր անվտանգության մասին, պետք է հասկանան, որ այդ անվտանգության վերացումը նաև իրենց անվտանգության վերացումը կլինի»,-եզարափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան