Զարգացած երկրներում էլ կան լիքը անազնիվ, կոռումոպացված գործիչներ, բայց հիմնականում չկան տգետներ, տկարամիտներ
«Առավոտ» թերթը գրում է. «Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Իմ սերունդը մեծացել է մի ժամանակաշրջանում, երբ կենտկոմականների կամ ռայկոմականների սև «24»–երը, նրանց ամառանոցները, «փակ խանութները» և այլն իմ շրջապատում քմծիծաղ և արհամարհանք էին առաջացնում: Մասնագետները զբաղվում էին իրենց գործով, միջակությունները կոմերիտական և կուսակցական կարիերա էին անում: Քաղաքականություն. ֆո՛ւ, դա նորմալ մարդուն հարիր գործ չէ, գզվռտոց, կոռուպցիա, անիմաստ ճառեր՝ որ պետք է այդ ամենից հեռու մնալ, լինել աղքատ ու հպարտ: Այսօր դա, իմ կարծիքով, հնացած մոտեցում է:
Այդուհանդերձ, ուգում եմ հավատալ, որ հաջորդ սերունդը, որը մեծացել է այլ պայմաններում, չի կիսում իմ հակակրանքը: Այսօրվա հայաստանյան իրականությունը դրա համար առանձնապես հիմքեր չի տալիս, և ասելով՝ «այլ պայմաններ», ես նկատի ունեմ բացարձակապես ոչ այս Ազգային ժոդովը, որի կազմի հիմնական զանգվածը Կենտկոմից առանձնապես չի տարբերվում, ոչ էլ մարզպետարանները, որոնք շատ են հիշեցնում ռայկոմները:
Զարգացած երկրներում էլ կան լիքը անազնիվ, կոռումոպացված գործիչներ, բայց հիմնականում չկան տգետներ, տկարամիտներ, անգրագետներ: Բացառված է, որ այնտեղ սխալ, պետության համար վտանգավոր որոշում կայացվի պարզապես այն պատճառով, որ որոշում ընդունողները չունեն բավարար գիտելիքներ, մտահորիզոն, չեն կարողանում կարդալ օրենքներն ու մյուս փաստաթղթերը:
Այնտեղ հնարավոր չեն այն ծայրահեղ դիլետանտիզմը, որ պետական խնդիրների մասին կենցաղային մակարդակի դատողությունները, որոնք վերջին 20 տարում լսում ենք քաղաքական գործիչներից: Այդ դիտողությունները զուրկ չեն գավառական խորամանկությունից, բայց վերջինս չի կարող փոխարինել գիտելիքին ու ինտելեկտին»,–գրում է թերթի խմբագիրը»։
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: