Այսօր հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Հովհաննես Լազարյանի ծննդյան օրն է
Հովհաննես Աղազարի Լազարյան (նոյեմբերի 23 1735 Նոր Ջուղա, (Սպահան), հոկտեմբերի 24 1801 Սանկտ Պետերբուրգ) հայ ազգային ազատագրական շարժման գործիչ է, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր։
Հովհաննես Լազարյանը օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները՝ իրագործելու Հայաստանի ազատագրումը։ Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը։ Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը, որում դրել է Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը։ Մեծ նշանակություն է տվել լուսավորությանը։
Հովհաննես Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում, հիմնադրվել է Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոց՝ Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում։ Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները։ 1786 թվականին ավստրիական կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788 թվականին՝ կոմսի տիտղոս։