Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել՝ կապված սահմանազատման ու սահմանային անվտանգությանն առնչվող հանձնաժողովի իրավական հիմքերի ու գործունեության հետ` անհաջող փորձ անելով «հիմնավորել» ու իրավունքով կոծկել Կառավարության ու դրա ղեկավարի քաղաքական անթույլատրելի որոշումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող այդ հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին։
Այն ֆորմալ ստեղծվել և գործում է անհատական իրավական ակտով` ընթացակարգային բնույթի ընդհանրական նորմերի հղում անելով։ Նման իրավասություն թե՛ Կառավարությունը, թե՛ Կառավարության ղեկավարը չունեն։
Արդարադատության նախարարությունը հանձնաժողովի «մանդատը» հիմնավորում է հանձնաժողովի անվանումով ու հետո նշում, թե հանձնաժողովի անվանումը ցույց է տալիս, որ հանձնաժողովն այդ մանդատը ստացել է Կառավարությունից ու դրա ղեկավարից։
Նման հիմնավորում անգամ հնարել էր հնարավոր չէ, քանի որ այդպիսի բան իրավունքում լինել չի կարող, երբ կասկածելի ծագման հանձնաժողովին տրվում է անվանում ու միայն անվանումով (առանց կոնկրետ իրավասություններ ամրագրելու) որոշվում է այդ հանձնաժողովի կարգավիճակը։
Մասնավորապես, որևէ ակտում գրված չէ` որն է այդ հանձնաժողովի կամ նրա անդամների իրավասությունը, ինչ որոշումներ է այն կայացնում, ինչ կոնկրետ հարցերով և այլն։
Չի կարելի առանց իրավական հիմքի ու առանց կոնկրետ կարգավիճակ ամրագրելու գործնականում ունենալ կոնկրետ գործ անող մարմին՝ զուտ միայն բավարարվելով նրանով, որ այդ մարմինն ունի անվանում ու իրավասություններն էլ բխեցնելով անվանումից։
Կառավարության տրամաբանությամբ ստացվում է՝ եթե ցանկանում ես մարդկանց դատել օրենքի խախտումների համար, ապա անհրաժեշտ է ստեղծել ինչ-որ մարմին, անվանակոչել «դատարան», և դա բավարար է, որ այդ մարմինը սկսի մարդկանց դատել ու ամենևին էլ չկա կարիք սահմանելու կոնկրետ լիազորություններ, խնդիրներ, որոշումների կայացման կարգ և այլն։
Սա իրավունքի գերակայությանը սկզբունքորեն հակասող, Սահմանադրության հիմքերին հակադրվող տրամաբանություն է։
Այս հանձնաժողովի անունից Արտաքին գործերի նախարարությունը տարածում է հայտարարություն, որի հիման վրա լրջագույն բացասական կոնկրետ հետևանքներ են առաջանում ՀՀ անվտանգության համար, կոպտորեն ոտնահարվում են սահմանային բնակիչների ու առհասարակ ՀՀ բնակչության իրավունքները (կյանքի, ազատ տեղաշարժման, սեփականության և այլ)։
Արդարադատության նախարարության այդ հայտարարության բացարձակ հակաիրավական բնույթի մասին է խոսում նաև այն, որ 2024թ․ ապրիլի 19-ի ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը:
Այսինքն՝ ստացվում է առանց անգամ կանոնակարգի արդեն այս հանձնաժողովը գործում է և առանց կանոնակարգի անում է հայտարարություններ, որոնք կոպիտ խախտում են մարդու իրավունքները և խաթարում են ՀՀ անվտանգությունը։
Այն որ այս բոլոր հիմնավորումներն առոչինչ են և չհաջողված փորձ արդարացնելու համար անթույլատրելի քաղաքական որոշումներ, հիմնավորվում է նաև Կառավարության ղեկավարի ու իշխանության մաս կազմող տարբեր պաշտոնյաների այն հայտարարություններով, որ դեռ սահմանազատում չի սկսվել, և սահմանազատումը սկսվելու է Տավուշում նախատեսվող լուծումներից հետո։
Դրանից բացի, բնական հարց է առաջ գալիս՝ եթե սահմանազատում դեռ չի սկսվել, ապա ինչպե՞ս է այդ հանձնաժողովի անունից ԱԳՆ-ն տարածում հայտարարույթուն, որից ստացվում է՝ Տավուշում տեղի ունեցողն այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքն է, եթե այդ հանձնաժողովը զբաղվում է սահմանազատմամբ, այսինքն այն հարցերով, որ դեռ պետք է հաջորդի Տավուշի հատվածում սահմանային լուծումներին։
Տարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի [քաղաքական] հանրային օրակարգի ներքո ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին ու իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ»: