Քենիայում ավելի քան 40 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
Քենիայի կենտրոնական մասում ավելի քան 40 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով, հաղորդում է France24 պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է 42 մարդ։ Ցեխի տակ դեռ էլի մարմիններ կան։ Մենք աշխատում ենք նրանց դուրս բերելու ուղղությամբ», - ասել է Նակուրուի շրջանի նահանգապետ Սյուզան Կիհիկան։
Ըստ իշխանությունների գնահատումների՝ ամբարտակի ճեղքման են հանգեցրել արդեն երկրորդ ամիսը շարունակվող հորդառատ անձրևները։
Մարտ-մայիս խոնավ ամիսների ընթացքում Քենիայում հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 120-ի, ջրի տակ են հայտնվել բազմաթիվ ճանապարհներ, ավելի քան 130 000 մարդ ստիպված է եղել լքել տները։ Նրանցից շատերը եկել են երկրի մայրաքաղաք Նայրոբի՝ կառավարության օգնության ակնկալիքով: Արձակուրդներից հետո դպրոցներն անձրևների պատճառով փակ են մնացել ևս մեկ շաբաթով։
Մարտ ամսից շարունակվող անձրևներից տուժել են նաև Արևելյան Աֆրիկայի այլ երկրներ: Այսպես, հարևան Տանզանիայում հեղեղումների ու սողանքների պատճառով զոհվել է 155 մարդ։ Զոհեր և զգալի ավերածություններ կան Ուգանդայում և Բուրունդիում։
Օդերևութաբանները կարծում են, որ մայրցամաքի արևելքում հորդառատ անձրևների պատճառն Էլ Նինյո կլիմայական երևույթն է: