«Հուսով եմ՝ Երևանի կոնսերվատորիայի հնարավոր փակման մասին լուրերն իրականություն չեն դառնա». Դավիթ Մնացականյան
Խորհրդային և ռուս դիվանագետ, կոմպոզիտոր Դավիթ Մնացականյանը բաց նամակ է գրել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հնարավոր փակման վերաբերյալ։
«Հարգելի՛ Արամ Արամովիչ,
Սոցցանցերից և հայկական լրատվամիջոցներից տեղեկացա Երևանի Պետական կոնսերվատորիայի հնարավոր փակման շուրջ բուռն սկանդալի մասին։ Կոնսերվատորիան երկրի միակ պրոֆեսիոնալ երաժշտական համալսարանն է։ Որպես հայազգի ռուս կոմպոզիտոր, որ նախնական երաժշտական կրթությունն ստացել է Երևանում, ես ինձ իրավունք չունեմ անտարբեր մնալ նման խոսակցությունների նկատմամբ, թեև դրանք պաշտոնական հաստատում չեն ստացել։ Լիովին կիսում եմ Հայաստանի երաժշտական հանրության անկեղծ մտահոգությունը և հայ մշակութային գործիչների անհամաձայնությունը երկրի միակ մասնագիտացված համալսարանի հետագա ճակատագրի վերաբերյալ, որը հիմնադրվել է ավելի քան մեկ դար առաջ՝ 1923 թվականին։ Ուզում եմ հիշեցնել, որ մշակույթի բարձր կարգավիճակը ցանկացած պետության անկախության նշան է։
Այս առնչությամբ տեղին եմ համարում անդրադառնալ մի հայտնի պատմական փաստի: Հիտլերի հետ պատերազմի ժամանակ Չերչիլին հաստատման համար ներկայացվել է Մեծ Բրիտանիայի բյուջեն, որում կրճատվել են մշակույթի և արվեստի ծախսերը: Չերչիլը նախարարներին հարցրել է.
«Այդ դեպքում կոնկրետ ինչի՞ համար ենք մենք պայքարում»:
Կարծում եմ, որ ժամանակակից գլոբալացման գործընթացների սրման պայմաններում, որոնք հանգեցնում են մշակութային և քաղաքակրթական բազմազանության հետ կապված խորը հակասությունների, անհրաժեշտ է ջանքեր ուղղել հայ դասական երաժշտության վերածննդին (Ալեքսանդր Սպենդիարյան, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան և այլն), և ոչ կասկածելի կառուցվածքային փոփոխություններին։ Հուսով եմ, որ Երևանի պետական կոնսերվատորիայի հնարավոր փակման մասին լուրերը չեն հաստատվի ու իրականություն չեն դառնա։
Հարգանքներով՝ Դավիթ Մնացականյան»,- գրել է դիվանագետը։