Արշակ Թոլվանյանի «Արևելյան գեղեցկուհի» կտավն առաջին անգամ կցուցադրվի Երևանում
Գյումրիում գործող «Հայուհի» թանգարանային ցուցադրության բացառիկ ցուցանմուշները մարտի 6-ից ապրիլի 28-ը կներկայացվեն Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու):
Այս մասին հայտնում են Ռուսական արվեստի թանգարանի մամուլի ծառայությունից:
«Օտար ճանապարհորդները հնուց մեծ հիացմունքով են խոսել հայուհիների գեղեցկության մասին։ Բազմաթիվ օտար փորագրանկարիչներ, լուսանկարիչներ ու գեղանկարիչներ պատկերել են հայուհիների գեղեցկությունը։
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի անձնական հավաքածուն ներկայացնում է 16-20-րդ դարերի հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ, լուսանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Երկար տարիներ Հայկ Դեմոյանը տարբեր աղբյուրներից ձեռք է բերել հայուhիների պատկերագրությանը վերաբերող տարատեսակ բնօրինակ նմուշներ: Դրանց թվում առանձնանում են Մայր Հայաստանի կերպարին վերաբերող ցուցանմուշները, որոնք ներկայացված են հայ արծաթագործ վարպետների պատրաստած իրերի տեսքով:
Ցուցադրության կենտրոնական ցուցանմուշը Արշակ Թոլվանյանի «Արևելյան գեղեցկուհի» (Փարիզ, 1920-ական թվականներ) կտավն է, որն առաջին անգամ է ցուցադրվելու Երևանում:
Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել Հայկ Դեմոյանի «Հայուհու կերպարը փորագրանկարներում և փոստային բացիկներում» պատկերագիրքը: