Վարչապետը վստահեցնում է՝ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում
Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձի հարցը շարունակում է մնալ ՀՀ իշխանության օրակարգում, բանակցություններում այդ հարցերը դրվում են քննարկումների սեղանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:
«Մեր բանակցություններում, շփումներում գերիների, պահվող անձանց խնդիրը մշտապես օրակարգում է: Եվ մենք այդ հարցերը շարունակաբար քննարկում ենք, դնում ենք քննարկումների սեղանին: Հասկանալի է, որ դա շատ զգայուն հարց է»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ երկար ժամանակ Ադրբեջանից գերիների վերադարձ չէր լինում, սակայն 2023-ի դեկտեմբերին հաջողվեց 32 գերեվարված անձանց վերադարձնել:
«Եվ ինչպես նախկինում, այսօր էլ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,-վստահեցրեց Փաշինյանը: