Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է Երվանդ Քոչարի ստեղծած տարածանկարը
Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի մեծ պաշտպան, կոլեկցիոներ և 1920-1930-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված «Dans l'appartement de Léonce Rosenberg: De Chirico, Ernst, Léger, Picabia...» ցուցադրությունը, որտեղ ներկայացված է նաև Երվանդ Քոչարի՝ 1934 թվականին ստեղծած տարածանկարը:
Այս մասին տեղեկացնում է Երվանդ Քոչարի թանգարանը:
Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ՝ Ռոզենբերգը վերափոխել է իր փարիզյան տունը՝ ի պատիվ այն արվեստագետների, որոնց սիրել է: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դուստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորել է մեկ նկարչի աշխատանքներով: Ընդհանուր առմամբ, տասներկու նկարիչներ և քանդակագործներ են արժանացել այդ պատվին. նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում: Այդ աշխատանքները զուգակցելով կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծել է ժանրերի անսովոր խառնուրդ:
Ընտրյալ արվեստագետների շարքում է եղել Երվանդ Քոչարը: Նրա՝ 1934 թվականին ստեղծած տարածանկարը, որն այժմ Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուում է, նույնպես ներառված է ցուցադրությունում:
Ցուցադրությունում կան նաև Քոչարի արվեստին նվիրված այլ հղումներ և հիշատակություններ:
Ցուցահանդեսը բաց է հունվարի 30-ից մայիսի 19-ը:
Ցուցահանդեսի կազմակերպմանը մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: