Մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը»
Այս տարի լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը:
Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:
Մրցույթի պայմաններն ու կանոններն են.
-հունվարի 30-ից փետրվարի 5-ը ներառյալ՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm) կհրապարակվեն Սերգեյ Փարաջանովի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր,
-այն սովորողը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի օրվա հարցի ճիշտ պատասխանը, կհամարվի հաղթող,
-պատասխանը պետք է գրել հայատառ,
-պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
-արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
-հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն,
-նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող պատասխանները չեն դիտարկվելու:
Օրվա հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը՝ հարցի հետ զուգահեռ (ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում՝ min.escs.arm): ԿԳՄՍ նախարարությունը հաղթողի հետ կապ կհաստատի բացառապես ուսումնական հաստատության միջոցով:
Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սերգեյ Փարաջանովի թանգարանի խրախուսական նվերներով: