ՀՀ ԿԲ-ն մտադիր է գործարկել Երկրորդ սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մտադիր է 2024 թվականին գործարկել նոր վերլուծական համակարգ, որը հայտնի է որպես Երկրորդ սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգ (ԿՔՎՀ II) (FPAS Mark II):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից, ԿՔՎՀ II-ը կառուցվում է գործող ԿՔՎՀ-ի վրա՝ շեշտադրելով անորոշությունների և թափանցիկության դերը դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում: «Կենտրոնական բանկի կարծիքով, նոր համակարգն ապահովում է կառուցվածքային ու հիմնարար մտածողություն՝ դրամավարկային քաղաքականությունը որպես ռիսկերի կառավարում դիտարկելու և նվազագույն կորուստների մոտեցմամբ քաղաքականություն իրականացնելու համար: Նոր շրջանակն ընդգծում է թափանցիկության բարձրացումը՝ թույլ տալով ավելի հստակ պատկերացում կազմել որոշումների կայացման գործընթացի վերաբերյալ: Դրամավարկային քաղաքականությունը դիտարկելով որպես ռիսկերի կառավարման վարժություն՝ ԿՔՎՀ II-ը թույլ է տալիս ռազմավարական առումով ավելի ճիշտ և համակարգված որոշումներ կայացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ այս միջոցառման կապակցությամբ հունվարի 11-12-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ բարձր մակարդակի գիտաժողով (առցանց)՝ նվիրված դրամավարկային քաղաքականության նոր համակարգի հայեցակարգային և գործառնական տարրերին: Գիտաժողովին մասնակցել են մի շարք աշխարհահռչակ տնտեսագետներ, այդ թվում՝ Լոուրենս Սամերսը, Չարլզ Գուդհարթը և Աթանասիոս Օրֆանիդեսը: Մասնակիցները քննարկել են ԿՔՎՀ II-ը և սպասվող մարտահրավերները: Գիտաժողովի ընթացքում տեղի են ունեցել նաև քննարկումներ կենտրոնական բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գիտաժողովի մանրամասներին կարելի է ծանոթանալ ԿՔՎՀ-ին նվիրված պաշտոնական կայքում՝ https://rmaps.cba.am/: