Ուկրաինայում պաշտոնապես արդարացրել են Սերգեյ Փարաջանովին․ 50 տարի առաջ նա 5 տարով դատապարտվել էր
Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես արդարացրել է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, որը 50 տարի առաջ 5 տարով դատապարտվել էր «միասեռականության համար»։
Փարաջանովին արդարացնելու որոշումն ընդունվել է 2023 թ-ի դեկտեմբերի 20-ին։ Ազգային կոմիտեի որոշման մեջ նշվում է, որ ռեժիսորի քրեական գործի և արխիվային այլ փաստաթղթերի մանրամասն վերլուծությունից հետո պարզվել է, որ Փարաջանովի հետապնդման և դատապարտման հիմքում քաղաքական դրդապատճառ է եղել:
«Ռեաբիլիտացիայի հանձնաժողովի աշխատակիցների շնորհիվ պատմական ճշմարտությունը հաղթում է մոռացությանն ու բռնաճնշումներին՝ հույս առաջացնելով, որ հետագայում կդիտարկվեն ԽՍՀՄ-ում ինչպես քաղաքական, այնպես էլ շինծու քրեական հոդվածներով դատապարտված ուկրաինացի այլախոհների այլ գործեր ևս»,- ասել է Դրոբովիչը։
1974 թ-ին Փարաջանովը դատապարտվել էր խիստ ռեժիմի ճամբարում 5 տարվա ազատազրկման «բռնաբարության» ու «պոռնոգրաֆիայի» մեղադրանքներով։ Դատավարության ժամանակ նա չէր հերքել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը, սակայն չէր ընդունել բռնության մեղադրանքները։