Մետրոպոլիտենում սպասվում են թարմացումներ. նախատեսվում է ձեռք բերել 15 նոր շարժակազմ
Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը կհամալրվի . հունվարի 15-ին գիծ դուրս կգա 3 վագոնով ևս մեկ շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը ուրախությամբ նշեց, որ 2023 թվականը մետրոպոլիտենի համար բավականին հաջող տարի է եղել:
«2023 թվականին մետրոպոլիտենի տնտեսած միջոցների՝ շուրջ 1 մլրդ․41 մլն․ դրամի հաշվին ձեռք են բերվել 8 անվազույգ, շարժասանդուղքի պահեստամասեր, գնացքների պահեստամասեր, կապի և սլաքային փոխադրիչների պահեստամասեր, ինչպես նաև այլ ապրանքներ ու նյութեր: ՀՀ կառավարության միջոցներով ձեռք է բերվել 14 հզոր օդափոխման համակարգ, 16 անվազույգ և 4300 մետր ռելս»,- ասաց նա:
Սեդրակյանը նշեց, որ նոր պահեստամասերի ձեռքբերման շնորհիվ է, որ մետրոպոլիտենի պարկին շուտով կմիանա վերանորոգված չորրորդ գնացքը, որի արդյունքում այս պահին շարժակազմը կունենա մոտավորապես 32 վագոն, որից 9-ը երկու վագոն, 4-ը՝ 3 վագոն և 2-ը 1 վագոն ունեցող գնացքներ են:
Անդրադառնալով 2024 թվականին նախատեսվող աշխատանքներին՝ Մետրոպոլիտենի տնօրենը նշեց, որ առաջիկա տարվա ամենակարևոր անելիքներից մեկը Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարության մրցույթի մեկնարկն է: 2024 թվականին նախատեսվում է ձեռք բերել 15 նոր շարժակազմ, իսկ Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանը կունենա նոր լուսավորություն:
Խոսելով միասնական վճարային համակարգից ՝ Սեդրակյանն ընդգծեց, որ համակարգի ներդրումը փուլ առ փուլ առաջ է գնում: Մետրոպոլիտենն այս տարի նախատեսում է քաղաքի կենտրոն տանող կայարանների մոտ ստեղծել ավտոկայանատեղիներ:
Նշենք, որ 2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն. 587 հազար 108 ուղևոր։