Նույն Ալիևը՝ նույն հակառակորդով. Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար կրկին կպայքարի Ֆազիլ Մուստաֆան
Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում «Մեծ արարում» կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆայի թեկնածության առաջադրման հետ կապված փաստաթղթերը ներկայացվել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):
Մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 16-ին, «Մեծ արարում» կուսակցությունը պաշտոնապես հայտնել էր նախագահի պաշտոնում կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆայի թեկնածութունն առաջադրելու մասին:
Հիշեցնենք՝ Մուստաֆան Ալիևի հետ ընտրապայքարի մեջ է մտնում արդեն երկրորդ անգամ, նա առաջադրվել էր նաև 2008 թվականի նախագահական ընտրություններում:
2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներով նրա օգտին քվեարկել է ընտրողների ընդամենը 2,43 տոկոսը։
57-ամյա պատգամավոր Մուստաֆան վերջին տարիներին աչքի է ընկել Իրանի դեմ ակտիվ քննադատությամբ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ նրան ներկայացնում են շիա մահմեդականության աճող ազդեցության դեմ պայքարի առաջամարտիկ, նա հաճախ է հեգնում այաթոլաների կառավարումը:
Մուստաֆան պարբերաբար ելույթներ է ունենում՝ ծաղրելով իրանական վերնախավին ու զայրացած հայտարարություններ անելով, կոչ անում հասարակությանը պայքարել տգիտության դեմ։
Պատգամավորը վերածվել է իրանական գաղափարախոսության դեմ Ադրբեջանում գլխավոր մարտիկի և իր գործունեությունը ծավալել վիրտուալ տարածքում՝ կատաղի քննարկումներում հաճախ բախվելով իրանամետ ուժերի հետ։ Առանց որևէ չափազանցության՝ Մուստաֆային կարելի է անվանել Իրանի քաղաքական և կրոնական գերակայության դեմ պայքարի հիմնական անձանցից մեկն Ադրբեջանում:
Այս տարվա մարտին պատգամավորը զինված հարձակման էր ենթարկվել, որն Ադրբեջանի իրավապահները ահաբեկչություն էին որակել ու հայտարարել, որ տեղի ունեցածը մահափորձ է, որի հետևում Իրանն է կանգնած։ Միջադեպը դիվանագիտական սկանդալ էր հարուցել հարևան երկրների միջև։
Հատկանշական է, որ Մուստաֆան, ինչպես երկրի գերեթե բոլոր պատգամավորները, աջակցում է երկրի կառավարությանը:
Նախագահի պաշտոնին հավակնող Մուստաֆան հանրության մեջ հայտնի քաղաքական գործիչ և պատգամավոր է, նա ակտիվ աշխատել է դեռ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, եղել է նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի մերձավոր համախոհը:
Գործող իշխանության օրոք քաղաքական գործիչը եղել է ընդդիմության արմատական թևի առաջնորդներից, սակայն հետո տեղափոխվել է կառուցողական ճամբար, իսկ 2005 թվականից խորհրդարանում ներկայացնում է Սաբունչու շրջանի ընտրողների շահերը, և ինչպես վերը նշեցինք, հակաիրանական թեզի ակտիվ առաջնորդն է:
Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին հայտարարել է նաև երկրի մեկ այլ պատգամավոր՝ Զահիդ Օրուջը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Որոշումն ընդունվել է կուսակցության խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստում։
Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։
Հաջորդ նախագահական ընտրությունները, ըստ սահմանված կարգի, Ադրբեջանում պետք է կայանային 2025 թվականի հոկտեմբերին։
Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով։ Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլին։
Ալիևը, որը երկիրը ղեկավարում է արդեն շուրջ 20 տարի, կարող է կրկին հավակնել Հանրապետության նախագահի պաշտոնին, նրա շանսերը գնահատվում են բավական բարձր: