Ինչի՞ շուրջ եք բանակցում Դուք և Ալիևը, երբ ապահովված չի մեր սահմանների և այնտեղ աշխատողների անվտանգությունը. բաց նամակ
Ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար` Հ.Հ. իշխանությունները՞, Գեոպրոմայնինգ Գոլդ ՍՊԸ-ի ղեկավարությունը՞, թե՞ Իլհամ Ալիևը, ու՞մ մեղքով ենք մենք հայտնվել հարկադիր պարապուրդի մեջ և դարձել գործազուրկ, ո՞վ է ստանձնելու այս իրավիճակի պատասխանատվությունը և փոխհատուցելու դրա դիմաց։ Այս մասին ասվում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության աշխատակից Կարեն Ադամյանի բաց նամակում՝ ոււղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Մինչև նամակիս բուն նյութին անցնելը ուզում եմ Ձեզ դիմել Ձեր իսկ դիմելաոճով. «Հուսով եմ` լավ եք, ամեն ինչ նորմալ է »։ Ճիշտն ասած վստահ չեմ, որ կընթերցեք իմ այս գրառումը, բայց ուզում եմ ասել, որ մի ժամանակ սովորել էինք Ձեր կողմից հաճախ արվող «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ...», «Սիրում եմ բոլորիդ...», «Հպարտանում եմ բոլորովդ...» և այլն արտահայտություններին։ Վաղուց այլևս դրանք չեմ լսել Ձեր կողմից։ Ըստ իս հասած լուրերի` հուլիսի 17-ին նախատեսված է Ձեր աշխատանքային այցը Արարատի մարզ, որի շրջանակներում Դուք լինելու եք նաև Արարատ խոշորացված համայնքում։ Որպես Արարատ քաղաքի բնակիչ, որպես Արարատ խոշորացված համայնքի ավագանի` պիտի խոստովանեմ, որ ինձ համար հաճելի է այն հանգամանքը, որ կառավարության օժանդակությամբ համայնքի տարածքում ասֆալտապատվել են ճանապարհներ, վերանորոգվել է ՈԿՖ-ի` ռազմավարական նշանակության կամուրջը, Ավշար գյուղում կառուցվում է նոր մանկապարտեզ և այլն։
Սակայն, պիտի ասեմ, որ այս ամենի կողքին հիասթափեցնող էր Ձեր և իշխանությունների անտարբեր վերաբերմունքը Արարատի ոսկու գործարանի շուրջ ծավալվող իրադարձությունների հանդեպ։ Մեր միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում Դուք ինձ հավաստիացրեցիք, որ կհանձնարարեք ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին նորից հանդիպել ինձ հետ և նորից քննարկել ստեղծված իրավիճակը, սակայն այդ օրվանից անցել է գրեթե չորս ամիս, իսկ այս ընթացքում դադարեցվեց Սոթքի ոսկու հանքավայրից հումքի մատակարարումը դեպի Արարատի ոսկու գործարան, որի արդյունքում Գեոպրոմայնինգ Գոլդ ՍՊԸ-ի կողմից ներկայացված չհիմնավորված ֆորս մաժորի պատճառով այս պահի դրությամբ արդեն հարյուրից ավելի աշխատակիցներ գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ։ Մենք պատրաստել ենք մի գրություն, որով վիճարկում ենք ԳՊՄ Գոլդ ՍՊԸ-ի կողմից ֆորս մաժորային իրավիճակի վերաբերյալ մեզ ներկայացված ծանուցումը և դրանցից մեկական օրինակ հանձնել ենք Գեոպրոմայնինգ Գոլդ ՍՊԸ-ի տնօրեն Ա. Գոգոտինին, Արարատի մարզպետ Ռ. Թևոնյանին, Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ա. Ավետիսյանին և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Այս պահի դրությամբ ոչ մի կառույցից դեռևս պատասխան չենք ստացել։
Վստահ չեմ, որ ինձ կհաջողվի հանդիպել Ձեզ հետ, բայց կցանկանայի հենց վաղը հանդիպել Ձեզ հետ, քննարկել ստեղծված իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու միջոցներն ու տարբերակները։ Այս հարցը պահանջում է շուտափույթ լուծում, հակառակ պարագայում իրավացիորեն իմ մեջ առաջանում է մի հարց. Ինչի՞ շուրջ են բանակցում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, և ինչի՞ շուրջ եք բանակցում Դուք և Իլհամ Ալիևը, երբ ապահովված չի մեր սահմանների և այնտեղ աշխատող մեր հայրենակիցների անվտանգությունը։ Ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար` Հ.Հ. իշխանությունները՞, Գեոպրոմայնինգ Գոլդ ՍՊԸ-ի ղեկավարությունը՞, թե՞ Իլհամ Ալիևը, ու՞մ մեղքով ենք մենք հայտնվել հարկադիր պարապուրդի մեջ և դարձել գործազուրկ, ո՞վ է ստանձնելու այս իրավիճակի պատասխանատվությունը և փոխհատուցելու դրա դիմաց։ Ո՞վ։ Համենայն դեպս աշխարհաքաղաքական խաղերի արդյունքում տուժում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ոտնահարվում են սեփական երկրում ապրելու և արարելու մեր իրավունքները։ Առայժմ այսքանը։ Կանխավ` շնորհակալություն։
Կարեն Ադամյան»: