Գեղարքունիքի մարզում անցկացվեց «Բարբառների երկխոսություն» մրցույթ - փառատոնը
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում անցկացվեց «Բարբառների երկխոսություն» մարզային մրցույթ-փառատոնը:
Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Բարբառների երկխոսություն» մրցույթ-փառատոնն արդեն անցկացվում է 13-րդ տարին անընդմեջ։ Այս տարի այն մեկնարկել էր մայիս ամսին՝ տեղերում անցկացված տարածքային փուլերով, իսկ 2023 թվականի հուլիսին անցկացվեց մարզային փուլը
Մրցույթ փառատոնին մասնակցեցին մարզի տարբեր համայնքների բնակավայրերը ներկայացնող 72 դպրոցական:
«Երեխաները բարբառով ներկայացրեցին իրենց համայնքի եւ ընտանիքի հետ կապված իրապատումներ, պատմություններ, ինչպես նաեւ հեքիաթներ՝ մինչեւ 3-5 րոպե տևողությամբ: Ելույթները տպավորիչ էին. մասնակիցներն անկաշկանդ էին ներկայացնում իրենց համարները եւ արժանանում ժյուրիի գնահատականին եւ հանդիսատեսի ջերմ ծափողջյուններին։ ժյուրիի նախագահն էր ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։ Ժյուրիի որոշմամբ մրցույթ-փառատոնի «Լավագույն խումբ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Գանձակի N 2 միջնակարգ դպրոցի եւ Դպրաբակի միջնակարգ դպրոցի խմբերը: «Լավագույն կատարող» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի սան Լիլյա Վարդանյանը: Իսկ խրախուսական մրցանակների արժանացան Դպրաբակի միջնակարգ, Գավառի N 3 հիմնական, Սարուխանի N 3 միջնակարգ դպրոցների, Վարդենիսի մշակույթի տան «Վարդենիսյան կոլորիտ» խմբերը եւ Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մերի Ամիրյանը: Մրցույթ-փառատոնի հաղթողներն ու բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, նվերներ եւ բուկլետներ»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից: