Դա ցինիկ քաղաքական վարք է. իսրայելցի լրագրողը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին
Ծիծեռնակաբերդի բարձունքով քայլելիս կարելի է տեսնել Երևանի ու Երուսաղեմի նմանությունները․ տեսարանը նույնն է, ինչպիսին բացվում է Հոլոքոստի 6 միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող Յադ-Վաշեմ համալիրից։ Երևանի ու Երուսաղեմի, Հայաստանի ու Իսրայելի, հայերի ու հրեաների ցեղասպանության ու վրեժի նմանությունները հեղինակավոր Foreign Policy ամսագրում այսօր հրապարակված իր հոդվածում գրել է իսրայելցի լրագրող ու գրող Յոսսի Մելմանը։
Նա ամոթով է վերաբերվում նրան, որ իր երկիրը մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ հոդվածը վերնագրված է այսպես. «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը ամոթալի է ու անբարոյական»։ Իսրայելցի հեղինակի խոսքով՝ այդ պետությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որպեսզի պահի իր ունիկալությունը որպես ցեղասպանված ազգի պետություն։ Մելման ասում է՝ դա ցինիկ քաղաքական վարք է։
Ըստ հեղինակի՝ Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները դեռ 1950-ականներից սկսած բարեկամական են եղել․ այն ժամանակ Թուրքիան հրեական պետության միակ դաշնակիցն էր տարածաշրջանում, ինչպես նաև գնում էր Իսրայելում արտադրվող սպառազինություն, ու Իսրայելի կառավարությունը միշտ արգելափակում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունները։
Բայց հիմա, երբ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները ցածր մակարդակում են, համագործակցությունը չքացել է, իսկ ղեկավարները միմյանց մեղադրանքներ են առաջադրում, Մելմանի խոսքով՝ նոր գործոն է առաջ եկել՝ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները․ Ադրբեջանը Թուրքիային փոխարինել է որպես իսրայելական արտադրության սպառազինության սպառող։ Եվ այդ սպառազինությունը օգտագործվում է Հայաստանի դեմ։ Ավելին, ըստ հեղինակի, Ադրբեջանը նավթ է վաճառում Իսրայելին ու որպես պլատֆորմ է ծառայում Իրանի դեմ Իսրայելի գործողությունների համար։
Հեղինակը եզրափակում է՝ ցեղասպանությունը ցեղասպանություն է, պետք չէ խուսափողական լեզու օգտագործել։ Եվ Իսրայելի պարտավորությունն է մարդկության ու նաև Հոլոքոստի 6 միլիոն զոհերի առաջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը ճիշտ այնպես, ինչպես ճանաչել է Ռուանդայի ցեղասպանությունը։